Ադրբեջանի գերագույն դատարանում փետրվարի 24-ին ավարտվել է ազատազրկված փաստաբան, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի գործի քննությունը:
Փաստաբան Ջավադ Ջավադովը, ինչպես նախորդ՝ հունվարի 26-ին կայացած նիստում, դարձյալ նշել է, որ նախորդ դատավարությունների ընթացքում չի ապահովվել օբյեկտիվ դատական քննություն, խախտվել է Ինթիգամ Ալիևի արդար դատաքննությունը, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։
Փաստաբանը խնդրել է դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ: Սակայն դատախազ Օրհան Դամիրլին պնդել է, որ Ինթիգամ Ալիևի հանցանքն ապացուցված է:
Կարճ խորհրդակցությունից հետո դատարանը մերժել է իրավապաշտպանի բողոքը:
Ինթիգամ Ալիևի պաշտպանությունը մտադիր է վճիռը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Ինթիգամ Ալիևը ձերբակալվել էր 2014-ի օգոստոսի 8-ին՝ հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեղադրանքով:
2015-ի ապրիլի 2-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան 7.5 տարվա ազատազրկման է դատապարտել։