24 փետրվարի 2016 - 18:33 AMT
Amnesty International. 2015-ին ՀՀ-ում հասարակական դժգոհությունն ու ցույցերի քանակն աճել են

2015-ի ընթացքում Հայաստանում հիմնականում խաղաղ ցույցերը բազմիցս խոչընդոտվել են, այդ թվում` ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառմամբ, ինչը հանգեցրել է էլ ավելի հուժկու ցույցերի: Ցույցերի կազմակերպիչները ձերբակալվել են և ենթարկվել քրեական հետապնդման` կասկածելի մեղադրանքներով: Այս մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մարդու իրավունքների 2015/2016թ. զեկույցի` Հայաստանին վերաբերող մասում:

Կազմակերպությունը նշում է, որ 2015-ը Հայաստանում աչքի է ընկել սոցիալական և քաղաքական մի շարք խնդիրների շուրջ հասարակության դժգոհության ու զանգվածային ցույցերի աճով, և իշխանությունների` դրանց կազմակերպիչներին ու մասնակիցներին ճնշելու փորձերով:

«Ոստիկանությունը բազմիցս թիրախավորել է խաղաղ ցուցարարներին և խաղաղ հավաքները ոչ համաչափ ուժի կիրառման և ձերբակալությունների միջոցով: Հակակառավարական ցույցերին մասնակցող ակտիվիստները շարունակել են առերեսվել ոստիկանության և կառավարամետ խմբերի կողմից բռնության ենթարկվելու վտանգին»,- ասված է զեկույցում, գրում է Civilnet.am-ը:

Amnesty International-ը հիշատակում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությանը հաջորդած բողոքի ցույցերը, մասնավորապես դեպի Ռուսաստանի հյուպատոսություն հունվարի 15-ի երթը` նշելով, որ համաձայն ականատեսների հաղորդումների` բախումները հետևել են ոստիկանության կողմից մահակների, արցունքաբեր գազի և խլացնող նռնակների կիրառմանը, ինչին ցուցարարները պատասխանել են քարեր նետելով:

Զեկույցի հեղինակներն անդրադառնում են նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերին, որնք ցրելու համար ոստիկանությունը հունիսի 23-ին կիրարել է ջրցան մեքենա և բերման ենթարկել 237 մարդու: Նշվում է, որ ոստիկանությունն այդ օրը անհամաչափ ուժ է կիրառել նաև որոշ լրագրողների նկատմամբ` առգրավելով և վնասելով նրանց տեխնիկան:

Զեկույցում հիշատակվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, զանգվածային անկարգություններ ծրագրելու մեղադրանքով: Նշվում է, որ թեև շարժման անդամները մայիսի 4-ին ազատ են արձակվել, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը չի փակվել:

Իրավապաշտպան կազմակերպությունն անդրադառնում է նաև սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքին. «Ոստիկանությունը հետաքննություն սկսեց և ձերբակալեց երեք մարդու` որպես կասկածյալ: 2014թ. երեք ցուցարարների վրա նմանատիպ հարձակումների հետաքննությունը որևէ արդյունքի չի հասել 2015թ.:»

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում շարունակում են մտահոգիչ մնալ խոշտանգումներն ու դաժան վերաբեմունքը ոստիկանական բաժանմունքներում և բանտերում, ինչպես նաև հանցագործների անպատժելիությունը: Մատնանշվում է պրակտիկան, երբ խոշտանգումների մեջ կասկածվող իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանակավոր ազատվում են իրենց զբաղեցրած պաշտոններից և հետագայում վերանշանակվում են նույն կամ ավելի բարձր պաշտոնի ոստիկանության այլ բաժանմունքում:

Amnesty International-ը զեկույցում անդրադառնում է նաև դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին, որի արդյունքում կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարվում խորհրդարանական համակարգի: Հեղինակները մատնանշում են Հայաստանի ընդդիմության մտահոգությունը առ այն, որ ընդունված փոփոխությունները կարող են գործող նախագահին թույլ տալ իշխանության մնալ երկրորդ ժամկետի ավարտից հետո: