Թուրքիայի վարչապետի դեմ հայց է ներկայացվել` հայերի մասին հայտարարության համար

Թուրքիայի վարչապետի դեմ հայց է ներկայացվել` հայերի մասին հայտարարության համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Էրզրում նահանգի Աշքալե շրջանի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ՝ հայերին վիրավորելու համար:

Դավութօղլուն փետրվարի 27-ին Բինգյոլում ունեցած ելույթի ժամանակ, քննադատելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, հայտարարել էր, թե քրդերը, ինչպես ժամանակին «հայ ավազակախմբերը», գործակցում են ռուսներիհետ:

Դավութօղլուի ելույթից օրեր անց Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանը շրջանի, այսպես կոչված, ազատագրմանը նվիրված միջոցառման ժամանակ երախտագիտություն էր հայտնել «փառապանծ նախնիներին՝ հայերին այս հողերից արմատախիլ անելու համար»:

Կազմակերպության ստամբուլյան գրասենյակի Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը նախօրեին հայտարարություն է հնչեցրել Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի դիմաց, «Ակօս» պարբերականին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, բռնագրավվել է նրանց նյութական հարստությունը: Հայերի և մյուս քրիստոնյաների մշակութային ժառանգությունը համակարգված կերպով ոչնչացվել է: Թուրքական պետության ամենաբարձր մակարդակում անգամ շարունակվում է խտրականությունն ու դրա խրախուսումը», - հայտարարել են իրավապաշտպանները:

Վերջիններս դատապարտել են թուրք պաշտոնյաներին` նշելով, որ նրանց հայտարարությունները խտրականություն և թշնամություն են քարոզում:

Դավութօղլուի հայտարարությունը դատապարտող ելույթով անցած շաբաթ թուրքական Մեջլիսում հանդես էր եկել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: «Ցավում եմ, որ երկրի վարչապետը կարող է նման բան ասել: Այսօր և՛ թուրքերը, և՛ քրդերը անդամակցում են «Իսլամական պետության»-ը:

Եթե թուրք «ավազակախմբեր» ասեմ, արդյո՞ք դա խտրականություն չի լինի, ինչպե՞ս կարելի է: Պարոն վարչապետն էլ բացահայտ խտրականություն է դրսևորել», - հայտարարել էր Փայլանը` հարուցելով իշխող կուսակցության և ազգայնական պատգամավորների դժգոհությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---