30 հունվարի 2007 - 13:57 AMT
Ադրբեջանցին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման «Հայաստանի օգտին լրտեսության» համար
Բաքվում ավարտվեց Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Արիզ Հալիալովի գործով դատավարությունը, որին մեղադրում են «Ադրբեջանի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու» համար: Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ Արիզ Հալիլովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Ըստ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) հասարակության հետ կապերի կենտրոնի հաղորդագրության, «Հալիլովը մեղավոր է ճանաչվել ՔՕ լրտեսության եւ դավադիրների խմբի կազմում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին հոդվածներով: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Վրաստանի քաղաքացի, Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղի բնակիչ Արիզ Ջամալ Օղլի Հալիլովը թմրանյութերի առեւտրով է զբաղվել, բեռներ փոխադրելով Հայաստան եւ հակառակ ուղղությամբ: Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ նա խնդրել է ոստիկանության մայոր Կարեն Անտոնյանին հովանավորության մասին: Անտոնյանը Հայաստանի ներքին գործերի վարչության աշխատակից է եւ համագործակցում է երկրի հատուկ ծառայությունների հետ:

Հալիլովը մշտապես այցելել է Հայաստան եւ հանդիպել երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ: Ըստ հաղորդագրության, Անտոնյանը հանձնարարել է Հալիլովին ահաբեկչական գործողություններ կատել Ադրբեջանում: Որպես ահաբեկչության օբյեկտ ընտրվել է նավթագազային ենթակառուցվածքը: Նրան հանձնարարվել է ուսումնասիրել որոշ նավթարդյունաբերական հանքերում եւ հորերում ահաբեկչական գործողություններ կատարելու հնարավորությունը: Այդ նպատակով Բաքու ժամանած գործակալը, դիտարկում է կատարել որոշ նավթահանքերում: Անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելուց հետո նա վերադարձել է Վրաստան, իսկ այնտեղից մեկնել է Հայաստան: Հալիլովին հանձնարարվել է Բաքու իր հերթական այցի ժամանակ ուսումնասիրել մետրոպոլիտենում ահաբեկչություն կատարելու ուղիները եւ ստուգել «Գյանջլիկ» մետրոյի կայարանի պահպանության աստիճանը:

Հալիլովը, համոզվելով, որ մետրոն խիստ հսկողության տակ է եւ հասկանալով իր պլանն իրագործելու անհնարինությունը, հաղորդել է այդ մասին պատվիրատուներին: Հերթական առաջադրանքը եղել է Բաքի առեւտրի կենտրոններից մեկում պայթյուն կատարելը: Սակայն Հալիլովը հրաժարվել է կատարել առաջադրանքը եւ հաղորդել է, որ ավելի լավ կլիներ, որ պայթուցիկ նյութը իրեն փոխանցվեր անմիջապես Բաքվում: 2005 թվականի մարտի 11-ին Հալիլովը ձերբակալվել է Ադրբեջանի ԱԱՆ օպերատիվ միջոցառումների արդյունքում», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: