30 հունվարի 2007 - 15:05 AMT
ԵԽԽՎ բանաձեւն աննախադեպ է Հայաստանի համար իր դրական շեշտադրմամբ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը աննախադեպ է համարում Եվրոպայի Խորհրդի առջեւ պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւն իր դրական շեշտադրությամբ: «Որքան էլ ոմանք փորձեցին խեղաթյուրել այդ բանաձեւը կամ այլ կերպ մեկնաբանել, ես կրկնում եմ, որ վերջին բանաձեւն աննախադեպ էր Հայաստանի համար դրական շեշտադրումների առումով»,-ասել է Թորոսյանը: «Դա չի նշանակում, որ Հայաստանը թերություններ չունի, եւ որ երկիրը կատարել է բոլոր պարտավորությունները: Հակառակը, բանաձեւն, արձանագրելով պարտավորությունների կատարման առաջընթացը, նշում է մի շարք խնդիրներ, որոնք Հայաստանը պետք է լուծի մոտ ապագայում, գրանցված են նաեւ որոշ թերություններ»,-ընդգծել է Թորոսյանը:
Ընդհանուր առմամբ, գնահատելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քառամյա գործունեությունը, Թորոսյանը նշել է, որ պատվիրակության անդամների մեծ մասը արդյունավետ է աշխատել: Նա հիշեցրել է, որ ներկայիս պատվիրակության գործունեության շրջանում ընդունվել են նաեւ բանաձեւեր Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում փախստականների հարցերի գծով, ինչպես նաեւ «Հարավային Կովկասում կայունության պակտին» վերաբերող բանաձեւը:
Նա նաեւ հավելել է, որ չնայած մինչեւ ԵԽԽՎ նստաշրջանը Բաքվից հնչող բարձրագոչ հայտարարություններին, ադրբեջանական կողմից ոչ մի հայտարարություն չէր ներկայացվել Հայաստանի գծով բանաձեւի վերաբերյալ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: