Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի է ունեցել «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքը:
Մասնակիցների ձեռքերին կային «Ղարաբաղը մերն է», «Ալիևը խաղաղության թշնամին է» լոզունգներով պաստառներ:
«Նոր սերունդ» կազմակերպության անդամներից Համբիկ Հովսեփյանը ներկայացրել է իրենց պահանջները՝ ուղղված Ֆրանսիայի իշխանություններին: Երիտասարդները, մասնավորապես, հորդորում էին դադարացնել Ղարաբաղյան հարցում ֆրանսիական կողմի ամոթալի քաղաքականությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանը 1994-ին կնքված հրադադարից հետո շարունակաբար խախտել է զինադադարի ռեժիմը: 2016-ի ապրիլի 1-ից հրետանային զենքերի գործածությամբ Ադրբեջանի կողմից թույլ տված խախտումները վերածվել են իրական պատերազմի: Ռմբակոծվել են գյուղեր, Թալիշի շրջանում իրենց իսկ տանը դաժանորեն տանջամահ են արվել տարեց գյուղացիներ:
«Եթե Ադրբեջանի համար պատերազմը քաղաքական խաղ է, ապա Արցախի բնակչության համար դա կյանքի ու մահվան հարց է: Ղարաբաղի ժողովուրդը կատարել է իր որոշումը, պետք է ճանաչել նրա անկախությունը: Հարձակվում է ադրբեջանական կողմը, Ղարաբաղը միայն պաշտպանվում է»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է Hetq.am-ը:
Հանրահավաքից հետո երիտասարդները փորձել են ավելի մոտենալ դեսպանատանը, սակայն Փարիզի ոստիկանությունը կենդանի պատ կազմելով և արցունքնաբեր գազ օգտագործելով խոչընդոտեց երիտասարդներին:
Ոստիկանների թիվն աճում էր, բողոքի ցույցի մասնակիցները բռնությունից և անախորժություններից խուսափելու համար որոշել են դադարեցնել իրենց երթը դեպի դեսպանատուն:
Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նախատեսված է հանրահավաք անցկացնել նաև ապրիլի 9-ին:
Ապրիլի 5-ին բողոքի ցույց են անցկացրել նաև Ավստրիայի հայ ակտիվիստները Վիեննայի Հոֆբուրգի պալատի մոտ, որտեղ տեղի էր ունեցել ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստը: Մոտ 150 մարդ պահանջել է դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Ռիա Նովոստին:
ԼՂՀ ՊՆ պաշտոնական տվյալներով՝ Ապրիլի լույս 2-ի գիշերվանից ապրիլի 5-ը ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի հետ մարտերում զոհվել է Պաշտպանության բանակի 29 զինծառայող, 101-ը վիրավորվել է, ևս 28-ն անհետ կորած է: Զոհվածներից 7-ը ու վիրավորներից 20-ը սպա ու ենթասպա են, 20 զոհված ու 81 վիրավոր՝ սերժանտ, պայմանագրային ու շարքային:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ: Խոցվել է 26 ադրբեջանական տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», 1 ինժեներական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ: