Ֆրանսիացի պատգամավորներ, սենատորներ. Ագրեսորը Բաքուն է, ԼՂՀ-ն պետք է ներգրավվի բանակցություններում![]() 7 ապրիլի 2016 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականի էջերում: Հայտարարության մեջ նախ նշվում է Հարավային Կովկասում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրացումը, ապա մատնացույց անելով ագրեսորին՝ հավելվում է, որ Իլհամ Ալիևի կրնկի տակ գտնվող Ադրբեջանը, խրախուսվելով միջազգային անտարբերությունից, փորձել է գրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: «Երկու կողմերի համար մահաբեր այս հարձակումը ժամանակավորապես ավարտվել է խախուտ հրադադարով։ Այնժամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հրատապ ժողովեց հակամարտող կողմերին,պետք է փաստել, որ այդ հարձակումը ոչնչին և ոչ ոքին օգուտ չբերեց: Փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը ևս մեկ անգամ կյանքի գնով վճարել է բռնակալ Բաքվի ռևանշիստական նկրտումների համար. միտումնավոր ռմբակոծությունների թիրախ հանդիսացող քաղաքներ, իրենց դպրոցի բակում սպանված երեխան, խոշտանգված, այնուհետև հենց այդ նպատակով այնտեղ ներխուժած հատուկ ջոկատայինների կողմից դաժանաբար սպանված քաղաքացիներ: Այդ ամենի հետ մեկտեղ, այս նոր հարձակումից պետք է նաև դասեր քաղել: Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում: Ղարաբաղի ժողովրդի համար անկախությունն ու Հանրապետության հիմնումը երբեք չեն եղել նպատակ, այլ եղել են միջոց. մի միջոց, որը թույլ կտա ապրել խաղաղ և ապահով՝ կառուցելով ժողովրդավարական այնպիսի մի պետություն, որը հարգում է իր քաղաքացիներին, բաց է դեպի աշխարհն ուշարժվում է դեպի ապագա»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը։ Նշվում է, որ Ադրբեջանն իբրև երկիր հարուստ է, սակայն ադրբեջանցիներն աղքատ են: Իրականում նրանք միայն ֆիզիկապես երկրի տարածքն են բնակեցնում, թեև օրինական իրավունք ունեն օգտվելու նավթային հարստությունից, որը զավթել է իշխանության գլուխ կանգնածընտանիքը: Ընդգծվում է, որ «Շվեյցարական արտահոսք» և «Պանամական փաստաթղթեր» ցուցակներում պարբերաբար մեջբերվող Ալիևի հանցավոր կլանի համար Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է՝ սեփական ժողովրդին աղքատացնող՝ իր նյութական և բարոյական աղավաղումներից հայրենակիցների ուշադրությունը շեղելու համար։ «Միջազգային հանրությունը, լիովին քաջատեղյակ այս ամենի մասին, պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա: Մենք առաջարկում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագա բանակցությունները զարգացնի նկատի առնելով հետևյալ հիմքերը, որոնք անպատճառավելի արդյունավետություն կմտցնեն այդ գործում: Ամենից առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ավելի քան քսան տարի ապացուցել է իր կենսունակությունն ու հնարավորությունները, պետք է ճանաչվի, որպեսզի Բաքուն չշարունակի օգտագործել ճանաչման բացակայության այդ պատրվակը՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու նպատակով։ Այնուհետև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերգտնի իր տեղը բանակցային սեղանին. 21-րդ դարում քննարկել մի ժողովրդի ճակատագիրը և նրան վերաբերող գործերը նրա իսկ բացակայության պայմաններում, մեղմ ասած, անբովանդակ գործընթաց է: Ի վերջո, կողմերին հարկավոր է պարտադրել հրադադարի վերահսկողության արդյունավետ միջոցներ․ միջոցներ, որոնք արդեն ընդունվել են Երևանի և Ստեփանակերտի կողմից, և որոնցից միայն Բաքուն է համառորեն հրաժարվում: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած լուրջ իրադարձությունները, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անցկացնել հետաքննություն՝ փաստերը և պատասխանատվությունները սահմանելու համար», - եզրափակվում է հայտարարության մեջ։ Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |