Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Ծիծեռնակաբերդում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին, երբ հարգանքի տուրք է մատուցվում այն դեպքերի հիշատակին, որն, ԱՄՆ նախագահի խոսքերով, 20-րդ դարի վատթարագույն ողբերգություններից էր, հայտնում է Tert.am-ը:
«100 տարի առաջ միլիոնավոր հայեր մահվան երթերով, կոտորածների ու տեղահանություններին զոհ գնացին: Մենք այսօր հիշատակի տուրք ենք մատուցում նրանց և ներդրում ունենում, որպեսզի նման դեպքեր երբևէ չկրկնվեն»,-ասել է դեսպանը:
Լրագրողի հարցին, թե Ռիչարդ Միլսն ինչպես է վերաբերում փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց և դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ՝ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական և արդարացի ճանաչմանը: ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք և ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»:
Այն հարցին, թե այդպիսով, Բարաք Օբաման գուցե չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել, դեսպանը պատասխանեց. «Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է և երկու հասարակությունների միջև հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը: Այստեղ լինելով և հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով՝ մեկ անգամ ևս հաստատում ենք այդ հանձնառությունը»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում: «Ես հետևողականորեն հայտնել եմ անձնական տեսակետս 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, և այն չի փոփոխվել», - ասել է ԱՄՆ նախագահը:
Ընթերցեք նաև. Օբաման կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերի ոչնչացումը նկարագրելուց