27 ապրիլի 2016 - 16:43 AMT
ԶԼՄ-ներ. Վրաստանը 6 հա վիճելի տարածք է փոխանցել Թուրքիային

Թուրքիայի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել այն մասին, որ Վրաստանը Թուրքիային է փոխանցում մոտ 6 հեկտար վիճելի սահմանամերձ տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին թուրքական Sabah-ի վրա հղումով:

Այդ հողատարածքը գտնվում էր Թուրքիայի Արդահանի գավառում, որը 1970-ականներին անցել էր ԽՍՀՄ կազմում գտնվող Վրաստանին այն բանից հետո, երբ գետը, որով անցնում էր սահմանը, փոխեց հունը: Տեղի բնակիչների խնդրանքով Թուրքիայի իշխանությունները 2013-ին հրավիրել էին Վրաստանի պաշտոնյաներին տեղանքին ծանոթանալու համար: Բանակցությունների արդյունքում կողմերը որոշեցին, որ գետը պետք է իր նախկին հունը վերադարձնել և այդպիսով Թուրքիային փոխանցել մոտ 15 ֆուտբոլային դաշտին հավասար տարածքը: Ինչպես պնդում են տեղի բնակիչները, այդ հողակտորը շատ բերրի է, և նրանք մտադիր են այն օգտագործել գյուղատնտեսական նպատակով, երբ գետը հոսի իր նախկին հունով:

2015թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիան և Վրաստանը բացեցին սահմանային նոր անցակետ, որը թուրքական կողմում կրում է Չըլդըր-Աքթաշ, իսկ վրացական կողմում` Կարծախ անվանումը: Աքթաշ (Կարծախ) անցակետը երրորդն է շուրջ 270 կմ Թուրքիայի և Վրաստանի միջպետական սահմանին: Աքթաշի սահմանային անցակետը ներկայիս Թուրքիայի Արդահանի նահանգի Չըլդըր շրջանում է, իսկ Կարծախի սահմանային անցակետը՝ Վրաստանի Սամցխվե-Ջավախքի Ախալքալաք շրջանում: