28 ապրիլի 2016 - 09:50 AMT
Հակառակորդը գիշերը 240 արկ է արձակել. Հրետակոծվել է նաև Մատաղիսը

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:

Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:

Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Ապրիլի 28-ի առավոտյան դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Ապրիլի 27-ի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է Ադրբեջանի կողմից: Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական զինուժը 82-մմ ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված հայկական կողմի մարտական դիրքերը (14 արկ):

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը: