Ա. Ղուկասյան. Ինձ համար չկա առավել արժեք, քան ԼՂՀ միջազգային բարձր վարկը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանըդիմել է ուղերձով ԼՂՀ ժողովրդին առաջիկա հերթական նախագահական ընտրությունների կապակցությամբ: Իր ուղերձում Ա.Ղուկասյանը մասնավորապես ասել է. «Ցավոք, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի որոշ զանգվածային լրատվամիջոցներ շարունակում են չարաշահել վաղուց արդեն փակված թեման նախագահական երրորդ ժամկետի համար իմ թեկնածության հնարավոր առաջադրման մասին: Մասնավորապես, փորձեր են արվում գործող նախագահի վերընտրությունը երրորդ ժամկետի համար քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից աննպատակահարմար լինելու մասին արված անցած տարվա իմ հայտարարարությունը ներկայացնել իբրեւ ծրագրավորված խաղ, որը նպատակ էր հետապնդում բթացնել հասարակական կարծիքը: Այդպիսի գործողությունները Լեռնային Ղարաբաղի, որպես եւրոպական արժեքներ դավանող պետության, միջազգային հեղինակությանը, բացի վնասից, ոչինչ չեն կարող տալ: Ավելին, նման չարաշահումները ավելորդ նյարդայնություն են մտցնում մեր հասարակության մեջ, նպաստում նրա պառակտմանը: Հենց իմ ապագա մտադրությունների վերաբերյալ անառողջ շահարկումներից խուսափելու նպատակով էլ ես անհրաժեշտ համարեցի անցած տարվա հոկտեմբերին հանդես գալ հայտարարությամբ, որը պետք է փարատեր բոլոր հարցերը` կապված նախագահական երրորդ ժամկետի համար իմ հնարավոր առաջադրման հետ:



Սակայն որոշ լրատվամիջոցների եւ պոլիտիկանություն անող տարրերի համար ԼՂՀ նախագահի մեկ հայտարարությունը բավարար չէր: Ըստ երեւույթին, նրանք գտնում են, որ նախագահը պարտավոր է գրեթե ամեն օր հաստատել իր հրաժարումը առաջադրվելուց` իրենց զրպարտություններով հրահրելով նրան նման քայլերի: Անշուշտ, կարելի էր անուշադրության մատնել այդ անձանց անվայել վարքը, եթե նրանք իրենց գործողություններով չշարունակեին վնաս հասցնել մեր հանրությանը:



Ինչեր միայն չեն մոգոնում այդ մարդիկ նախագահին զրպարտելու համար: Մեր պետությունում եւ նրա սահմաններից դուրս յուրաքանչյուր իրադարձություն, որն անմիջականորեն առնչվում է իմ անվան հետ, նրանց կողմից մատուցվում է որպես պետության ղեկավարի ընտրություններին նորից մասնակցելու իբր գործող նախագահի թաքուն մտադրության մասին:



Մինչդեռ ինձ ամեն օր դիմում են ԼՂՀ շարքային քաղաքացիներ, տարբեր քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, խորհրդարանի պատգամավորներ, մեր հայրենակիցներ Հայաստանից, ուրիշ երկրներից, Արցախի արտասահմանյան բարեկամները, ինչպես նաեւ արտերկրի հայտնի դիվանագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, բարերարներ` խնդրելով առաջադրել իմ թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, քանզի մեր ժողովրդի կողմից ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը երկրի գործող ղեկավարին ընձեռում է նման հնարավորություն: Սակայն իրեն հարգող նախագահը չի կարող այսօր մի բան ասել, վաղը` այլ բան: Խորին երախտագիտություն հայտնելով մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ արտասահմանյան բարեկամներին, որոնք պաշտպանում են իմ վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ անկեղծորեն ցանկանում այսուհետ եւս ինձ տեսնել նախագահի պաշտոնում, նորից եմ հայտարարում, որ մտադիր չեմ առաջադրվելու ԼՂՀ նախագահի պաշտոնի համար:



Այդուհանդերձ, իմանալով քաղաքական չարաշահորդների ու նրանց սպասարկող լրատվամիջոցների պահելաձեւը, ես գրեթե վստահ եմ, որ իմ այս դիմումը նույնպես վերջ չի դնի այդ թեմայի շուրջ անառողջ խոսակցություններին: Այստեղ արդեն ոչինչ չես կարող անել. այս դեպքում արդեն կարծես թե գործ ունենք անբուժելի հիվանդության հետ: Ես պարզապես խղճում եմ այդ մարդկանց:



Կրկնում եմ. ինձ համար չկա եւ չի կարող լինել ավելի թանկ արժեք, քան իմ հայրենիքի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձր միջազգային հեղինակությունը, առանց որի հնարավոր չէ ԼՂՀ ճանաչումը միջազգային հանրության կողմից», հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---