Ադրբեջանը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ իրականացնել: Զորքերի վերջին կուտակումներն ավելի մեծ են, քան ապրիլի առաջին օրերին:
Այդ մասին է հայտարարել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Հովհաննիսյանը նշել է, որ նկատվել է ավելի մեծ զորախմբերի տեղաշարժ, սակայն այլ մանրամասներ չի կարող ասել: Նա շեշտել է, որ հակառակորդի տեղաշարժը հայկական հետախուզության ուշադրության կենտրոնում է:
Խոսելով ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության գործողությունների մասին, մամուլի խոսնակը նշել է, որ թեև ինչ-որ մասով կարելի է մեղադրել, սակայն անընդհատ կենտրոնանալ թեմայի վրա սխալ է:
«Տեղի են ունեցել այնպիսի մարտական դրվագներ, հետախուզության շնորհիվ կանխարգելիչ այնպիսի հարվածներ են եղել, որ եթե հետախուզությունը չլիներ, պատերազմը կարող էր այլ ընթացք ստանալ», - ասել է նա:
Հովհաննիսյանը նաև հերքել է Հայաստանում զորահավաքի մասին բոլոր տեղեկությունները՝ ընդգծելով, որ նման որոշման դեպքում կլինի համապատասխան հայտարարություն:
Խոսելով դիրքեր կորցնելու և վերադարձնելու մասին շրջանառվող լուրերի մասին՝ Հովհաննիսյանը ասել է.
«Դիրքեր կորցնելու-վերցնելու մասին լուրերը քիչ քննարկեք, փոքր տարածքներ վերցնելը կամ կորցնելն ինչքան քիչ քննարկենք, այդքան ավելի շատ կօգնենք զինվորականներին: Ամեն ինչ կավարտվի՝ ամեն ինչ կներկայացվի»:
Նա շեշտել է, որ ոչ ոք չի կարող ասել, թե որքան տարածք է կորցրել հայկական կողմը ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմի հետևանքով, գրում է Panorama.am-ը:
«Նման հաշվարկ այսօր ոչ մեկը չի կարող անել, որովհետև առնվազն պետք է գնալ տեղում, դիրքային տարածքներից սկսած ոտքով քայլել ու չափել: Այն բոլոր փորձերը, որ մի քանի դիլետանտներ գուգլ-մեփով փորձում են անել, լուրջ չէ», -հավելեց Հովհաննիսյանը:
Հարցին, թե կարո՞ղ է հենց նա տրամադրել ստույգ տեղեություն, խոսնակն ասել է. «Ոչ, որովհետև պատերազմ է գնում»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կիրառվող զինատեսակների թեմային, Հովհաննիսյանը նշել է, որ բացարձակ զենք գոյություն չունի, և յուրաքանչյուր զենք ունի իր դեմ պայքարի մեթոդները: Ավելին նա չի ասել՝ պատճառաբանելով, թե ռազմական գաղտնիքներ կան, որոնք պետք չէ հանրայնացնել:
«Վստահ եղեք, եթե աշխարհում ռազմագիտական զարգացած միտքը ինչ-որ մի բանի դեմ փորձում է պայքարի միջոց գտնել, մենք նրանց չենք զիջում: 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է դրա դեմ պայքարի ձևերը, միջոցները գիտենք, ուղղակի ամեն ինչ չենք կարող բացել», - նկատել է Հովհաննիսյանը:
Մայիսի 2-ին ՊԲ-ն հայտնել էր, որ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: