17 մայիսի 2016 - 18:06 AMT
Երևանում մեկնարկել է խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնությունը

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը:

Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբում` 24 երկրի մոտ 120 շախմատիստի մասնակցությամբ:

Առաջնության բացմանը ներկա են գտնվել նաև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատուներ: ՀՀ նախագահը և ՖԻԴԵ-ի Նախագահը խաղատախտակի առջև կատարել են առաջին քայլը՝ ազդարարելով առաջնության բացումը:

Մինչ արարողության մեկնարկը, Հանրապետության նախագահը և ՖԻԴԵ-ի նախագահը ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: