Ադրբեջանում միջազգային միջոցառումների կազմակերպումը խայտառակություն է: Այս մասին լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այսպիսի քաղաքականությամբ միջազգային հանրությունը և մի շարք քաղաքակիրթ պետություններ փաստորեն թև են տալիս ագրեսորին: Մի պետություն, որտեղ փակվում է «Ազատություն» ռադիոկայանը, ԵԱՀԿ գրասենյակը, որտեղ մարդասպանին, ով կացնահարել է քնած հայ սպային Բուդապեշտում, տալիս են ազգային հերոսի կոչում:
Որտեղ ազգային հերոս են դառնում այն մարդիկ, ովքեր խոշտանգում են դիակներ, տարեցների գլուխը կտրած ցույց են տալիս՝ այնտեղ անց են կացնում առաջին համաեվրոպական խաղերը, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ֆորումը, սա պարզապես խայտառակություն է, ուրիշ ոչինչ: Բաքուն էլ թև է ստանում, սկսում է ագրեսիվ քաղաքականությունը վարել»,-ասել է նա:
Բաբայանը նշել է նաև, որ եթե այդ միջոցառումների անցկացման ընթացքում Ադրբեջանն իրեն զուսպ է պահում, ապա հետո դժվար է լինում նրան զսպել, գրում է Tert.am-ը:
2016-ի ապրիլին Բաքվում անցկացվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ գլոբալ ֆորումը։ Հայաստանի հայտարարություն էր տարածել ֆորումից ընդառաջ՝ նշելով, որ ապրիլին Ադրբեջանի՝ քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի սահմաններն անցնող բարբարոսական գործողությունները ուղղակիրոեն ոտնահարում են միջազգային հիմնարար փաստաթղթերը:
ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, որ ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների:Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: «Այս ամենը հակասում է առավել խաղաղ և սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականցնում են բարբարոսություն և սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ»:
Հայաստանը կոչ էր արել յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը:
«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին:Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները», - ասվել էր հայտարարության մեջ: