Էկվադորի Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթացել ցուցանմուշներին: Ռոսանա Ալվարադոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
Ավելի վաղ մայիսին, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Խավիեր Նարտը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի ուղեկցությամբ: Նարտը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: