Մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը,արծաթե մեդալակիրներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը Բեռնում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից հետո ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի հետ կիսվել են մտքերով ու խոսացել առաջիկա անելիքների մասին:
Հարություն Մերդինյան, նժույգթափեր վարժությունումԵվրոպայի չեմպիոն
Երջանկությունս անչափ է: Ուրախալի է նաև այն, որ այս արդյունքն Օլիմպիական խաղերից առաջ արեցի, չնայած կան տարրեր, որոնց վրա պետք է աշխատեմ: Նյարդերը տեղի են տալիս: Վարժության սկզբում սխալ թույլ տվեցի, սակայն ընթացքում կողմնորոշվեցի և փոխեցի ծրագիրս՝ ավելի բարդ տարրեր կատարելով: Իմ նյարդերն ավելի ամուր էին, այդ պատճառով չընկա: Մրցակիցների սայթաքելն էլ է լարվածություն առաջացնում:
Օլիմպիադայի առումով նախoրոք ոչինչ ասել չեմ կարող: Նժույգթափերում պետք է երկաթյա նյարդեր ունենալ: Ամեն ինչ պարզ կլինի այնտեղ:
Վահագն Դավթյան, օղակներ վարժության փոխչեմպիոն
Այս պահին զգացողություններս աննկարագրելի են: Մի փոքր լարված էի, բայց լավ էի տրամադրվել լավագույն արդյունք գրանցելու համար: Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ էի եզրափակիչ հասնում, սակայն ամեն անգամ ինձ մի բան խանգարում էր: Միշտ լավագույն եռյակ մտնելուց կես քայլ հետ էի մնում: Փառք Աստծո, այս անգամ ամեն ինչ հրաշալի ստացվեց: Շատ ուրախ եմ թիմակիցներիս համար, մեր թիմի համար: Շնորհակալ եմ մեր մարզիչներին:
Արթուր Դավթյան, հենացատկ վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոն
Շատ ուրախալի է մեր թիմի այսպիսի ելույթը: Ես կատարեցի իմ առաջադրանքը: Երկրորդ ցանտկս պետք է անեի Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ: Բավականին լավ ստացվեց և արծաթե մեդալ նվաճեցի: Կարևոր է, որ Խաղերից առաջ վարժությունս պատրաստ լիներ: Գործիքների տարբերություն իրոք շատ կա: Այն գործիքները, որոնց վրա մենք ենք մարզվում շատ հին են և սրանց համեմատ շատ տարբերություններ ունեն, կան նրբություններ, որոնք առաջին հայացքից չեն երևում ոչ մասնագետի համար: Պատկերացնում եք, եթե այս գործիքների վրա մարզվեինք, ինչ կլիներ (ծիծաղում է):
Արթուր Ավետիսյան,օղակների վարժությաներիտասարդների ԵԱ փոխչեմպիոն
Սա իմ առաջին լուրջ հաջողությունն է: Բառերով չեմ կարող նկարագրել զգացածս: Շատ ուրախ եմ: Շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ նրանց օգնության և խորհուրդների համար: Շնորհակալ եմ ծնողներիս: Այժմ կաշխատեմ վարժություններս բարդացնել: