Բաքվում ԵՄ առաքելության ղեկավար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումները լավ ցուցանիշ են

Բաքվում ԵՄ առաքելության ղեկավար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումները լավ ցուցանիշ են

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումը, ինչպես նաև հնարավոր հաջորդ հանդիպումը, շատ դրական ցուցանիշ է: Այդ մասին լրագրողներին է ասել Ադրբեջանում Եվրամիության առաքելության ղեկավար Մալենա Մարդը, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Ըստ նրա, Եվրամիությունը ողջունում է նման հանդիպումների անցկացումը:

«Մենք շատ ուրախ ենք, որ նման քայլեր են ձեռնարկվում ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես ակտիվ աշխատանք են տանում նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,-ասել է Մարդը:

Մայիսի 31-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ տեղեկատվության, քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` նախապատրաստվելու համար հունիսյան գագաթնաժողովին, որի նպատակն է «ղարաբաղյան կարգավորման գործում հնարավոր արագ առաջխաղացումը»:

Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---