ՀՀ-ն ու Չինաստանն ազատականացնում են օդային հաղորդակցությունը

ՀՀ-ն ու Չինաստանն ազատականացնում են օդային հաղորդակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 2-ի նիստում հավանություն է տվել Չինաստանի հետ օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է Panorama.am-ը:

Ինչպես նիստում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր` «բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:

«Գործող Համաձայնագրի նոր խմբագրությամբ նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ, վերանայվել և արդիականացվել է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանվել են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ»,- նշված է հիմնավորման մեջ:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

Ընթերցեք նաև. Մինասյան. «Զվարթնոցում» սպասարկման վարձն ավելի ցածր է, քան Բաքվի ու Թբիլիսիի օդանավակայաններում

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---