2016-ին Հայաստանը բասկետբոլի Եվրոպական առաջնություններում ներկայացված կլինի միանգամից 4 հավաքականով, ինչը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
16 տարեկանների հավաքական
Պատանեկան այս տարիքային հավաքականը մասնակցելու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հավաքականում հանդես են գալու բացառապես հայկական թիմերում ելույթ ունեցող տղաներ: 10 երկրի մասնակցությամբ կայանալիք Եվրոպայի առաջնությունը հստակ ցույց կտա, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ապագայում հայ պատանիներից, ովքեր բնակվում և մարզվում են Հայաստանում:
20 տարեկանների հավաքական
Հայաստանի մինչև 20 տարեկանների կամ պարզապես երիտասարդական հավաքականը 2015-ին հաջողությամբ մասնակցեց Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը՝ 7 խաղում տոնելով 3 հաղթանակ: Ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վարկանիշով Եվրոպայի 54 երկրների շարքում ընթանում է 29-րդ տեղում:
2015-ին երիտասարդականում հանդես եկած 4 բասկետբոլիստ տեղափոխվել են Հայաստանի ազգային հավաքական: Հավանական է, որ այս տարվա երիտասարդականն էլ ազգայինի համար պատրաստի ևս 4-5 բասկետբոլիստ: Ժամանակակից բասկետբոլում չկան ազգային ուժեղ հավաքականներ, որոնք կայուն կերպով կադրեր չեն ստանում երիտասարդականից:
2015-ին Հայաստանի երիտասարդական հավաքականում պատրաստվում են իրենց նորամուտը նշել Ռուսաստանում, Սիրիայում և ԱՄՆ-ում հանդես եկող 7 հայազգի և մեկ օտարազգի բասկետբոլիստ: Նրանք մասնակցելու են Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը, որտեղ բավականին թեժ մրցակցություն է սպասվում (մասնակիցների թվում են նաև բասկետբոլային գերտերություններ համարվող Ռուսաստանը և Խորվաթիան):
Ազգային հավաքական
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի տղամարդկանց մեծահասակների հավաքականը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որտեղ ելույթ են ունենալու 8 թիմ: Այս ստուգատեսը թույլ կտա հասկանալ, թե ինչ ներուժ ունի Հայաստանի հավաքականը, որտեղ ելույթ են ունենալու ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ուկրաինայում հանդես եկող հայ բասկետբոլիստներ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր նպատակը 2017-ից աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին կանոնավոր մասնակցելն է: Նոր մրցակարգի համաձայն՝ ընտրական փուլի մասնակիցները հանդես են գալու սեփական հարկի տակ և հյուրընկալվելիս: Նման ձևաչափով մրցակարգը թույլ կտա, որ Հայաստանում հազարավոր մարզասերներ հնարավորություն ունենան աջակցել ազգային թիմին:
Մարտունակ հավաքական ունենալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները պատշաճ կերպով մասնակցեն Եվրոպայի 2016-ի առաջնություններին:
Նշվում է, որ վերլուծություններից և ուսումնասիրություններից հետո Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան եկել է այն համոզմունքին, որ առանց ազգային հավաքականի կանոնավոր ելույթների հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում բասկետբոլը բերել բարձր մակարդակի և ապահովել մեծ մասսայականություն: Հենց ազգային հավաքականը պետք է դառնա մարզաձևի զարգացման լոկոմոտիվը, ինչի վառ ապացույցը ներկայումս բասկետբոլում հաջողություններ գրանցող երկրներն են:
Կանանց բասկետբոլ
Մինչև 18 տարեկանների հավաքական
2016-ին Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը կմասնակցի Հայաստանի մինչև 18 տարեկանների ընտրանին: Նախորդ տարի այս թիմը մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում գրավել է 2-րդ հորիզոնականը և մեծ հույսեր ներշնչել: Հայաստանաբնակ պատանի բասկետբոլիստուհիներին այս տարի միանում են նաև Ռուսաստանում հանդես եկող հայ մարզուհիներ, որոնց օգնությամբ հավաքականն ավելի մարտունակ կդառնա:
ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի «Կոնեկտիկուտ Հասքիս» ուսանողական բասկետբոլի թիմի խաղացող Սթիվ Ինոկը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին հուլիսին Հունաստանում կայանալիք ՖԻԲԱ գավաթի համար մրցապայքարում: Ինոկի մարզիչի խոսքերով, Հայաստանի հավաքականում խաղը երիտասարդ բասկետբոլիստին իր ունակությունները դրսևորելու հնարավորություն կընձեռնի:
Հայաստանի հավաքականն 2 տեղ է տրամադրել երկքաղաքացիություն ունեցող անձանց համար, առաջինը` երիտասարդների հավաքականում, երկրորդը` մեծահասակների: