«Ջեբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» խմբավորումների գրոհայինները հունիսի 8-ի առավոտյան կրկին գրոհել են Հալեպի քրդական Շեյխ Մահսուդ թաղամասը, հայտնել է Սիրիայիում գործող թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչը:
«Հունիսի 8-ի առավոտյան «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» խմբավորումների զինյալները կրկին գրոհել են Հալեպի քրդական Շեյխ Մահսուդ թաղամասը…Անցած գիշեր Հալեպի հյուսիս-արևմուտքում գրանցվել է զրահատեխնիկայի առաջխաղացում դեպի Թել Նսբին, գնդակոծվում են Բաշ Քեյ բնակավայրի ուղղությամբ գտնվող կառավարական ուժերի դիրքերը»,-ասել է նա:
Գրոհին նախորդել է ականանետային կրակը, որը «ցինիկաբար համընկել է մահմեդականների առավոտյան աղոթքի հետ»:Գնդակոծության արդյունքում քանդվել է առևտրի կենտրոնը, զոհվել է ավելի քան 20 մարդ, 40 բնակիչ վիրավորվել է, հայտնում է Ինտերֆաքսը:
«Գրոհները երկու կողմից են իրականացվում. Ալ Ռեսաֆի կողմից արևմուտքում և հյուսիսում Ալ Ռահբ ռազմական ավանի կողմից, որը գրավել են ահաբեկիչները»,-հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ:
«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը: