ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ հունիսի վերջում ղարաբաղյան կարգավորման գծով հանդիպում է նախատեսվում: «Թեև մենք հանդիպման մանրամասներին այս պահի դրությամբ չենք տիրապետում, սակայն, կարող ենք հաստատել, որ հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջում»,-ասել է ամերիկացի համանախագահը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Նա հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ կայքում հաղորդագրություն տարածվեց, որ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության գծով եռակողմ գագաթնաժողով տեղի կունենա: Նշվում էր, սակայն, որ հանդիպման ժամկետները դեռևս հայտնի չեն:
Հունիսի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները:
Կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: