Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք:
Նախագահը հանդիպել է քաղաքապետ Բարտ Զոմերսի, փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսի եւ մի շարք պաշտոնյաների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեխելենի եւ Արցախի փոխգործակցությանն առնչվող հարցեր: Սահակյանը նշել է, որ արցախյան եւ տարբեր երկրների քաղաքների ու շրջանների միջեւ կապերի հաստատումն ու զարգացումը հանդիսանում է երկկողմ գործակցության առանցքային ուղղություններից մեկը, հատկապես՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ մարդասիրական ոլորտներում:
Նախագահի պատվին Մեխելենի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին նաեւ մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նույն օրը նախագահն այցելել է Մեխելեն քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան եւ ծաղկեպսակ դրել այնտեղ:
Սահակյանը կարեւորել է նման հուշարձանների առկայությունը տարբեր երկրներում՝ նշելով դրանց դերակատարությունը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու տեսանկյուններից:
Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա: Հունիսի 8-ին նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի և Արցախի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ և այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը:
Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունը 2015-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ՝ ստանալով Ադրբեջանի դեսպանատնից համապատասխան նախազգուշացումներ:
«Այստեղ որևէ տարօրինակ բան չկա, և դա չի խանգարելու մեզ և նորից և նորից այցելել և տեսնել իրավիճակը տեղում, որովհետև հասարակությունը Եվրոպայում տեղեկացված չէ: Իրականում շատ քիչ հոդվածներ կան ԼՂՀ-ի մասին, այդ մասին անընդհատ չի խոսվում, ուրեմն՝ կարիք կա վառ պահելու այդ իրողությունը, նրա մասին անընդհատ խոսել դրա մասին այն, ինչ մենք անում ենք մեր այցելությունների միջոցով», - ասել էր Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի անդամ Սիմոն Սուսսկինդը: