Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան կարևոր դերակատարում է ունեցել ապրիլյան ռազմական գործողությունների դադարեցման գործում: «Մենք կշարունակենք միջնորդական առաքելությունը, իհարկե, այլ համանախագահների հետ համագործակցելով», - նշել է նա:
Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: