Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը, հայտարարելով, որ նոր սահմանադրությունը մեջլիսի օրակարգ կբերվի 2016թ. դեկտեմբերին, տեղեկացրել է, որ նոր տեքստից հանվելու են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունից արված մեջբերումները:
Միայն նախաբանում կնշվի, որ Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է, թուրքական Sözcü-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Նոր սահմանադրությունը պարզեցվելու է, հոդվածների թիվը՝ նվազեցվելու: Նախագահի խորհրդականը նշել է, որ ուսումնասիրվել են մոտ 50 երկրի սահմանադրություններ, մասնավորապես, որպես օրինակ են վերցվել Հարավային Աֆրիկայի և Իսլանդիայի մոդելները: Ըստ Ուչումի՝ նախագահ Էրդողանը համոզված է, որ սահմանադրության համար հանրաքվե անցկացնելը անհրաժեշտություն է:
Նոր սահմանադրության մշակման աշխատանքները շարունակվում են, նախնական տեքսը պատրաստ կլինի հունիս - հուլիս ամիսներին և կներկայացվի հանրության դատին:
1982 թ. ընդունված և ներկայումս գործող Թուրքիայի սահմանադրության 2-րդ, 42-րդ, 58-րդ, 81-րդ, 103-րդ և 134-րդ հոդվածներում հղում էր կատարվում Աթաթուրքի սկզբունքներին ու գաղափարներին: