Թուրքական ԶԼՄ-ները Հռոմի պապի ՀՀ այցի մասին. Նա Հայաստանում էլ ասաց «ցեղասպանություն»

Թուրքական ԶԼՄ-ները Հռոմի պապի ՀՀ այցի մասին. Նա Հայաստանում էլ ասաց «ցեղասպանություն»

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան և նրա ելույթը, որում նա, ինչպես և անցյալ տարի, 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն էր կոչել, հայտնվել է թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հայտնում է Tert.am-ը:

Մասնավորապես, թուրքական Demokrat Haber կայքը նյութի վերնագրում մեջբերել է Ֆրանցիսկոս պապի խոսքերը՝ «Ցեղասպանությունն անցյալ դարի աղետների սկիզբը դարձավ»: «Հռոմի պապը Հայաստան այցի ընթացքում նախագահական նստավայրում ունեցած իր ելույթում հայերի նկատմամբ 1915-ին տեղի ունեցածը բնութագրել է որպես «ցեղասպանություն»»,- գրել է կայքը:

«Հռոմի պապը ևս մեկ անգամ ասաց «ցեղասպանություն» վերնագրի ներքո Diken պարբերականը տեղեկացնում է, որ Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցի ընթացքում ևս մեկ անգամ Օսմանյան կայսրության տարածքում հայերի տեղահանությունն ու կոտորածները բնորոշել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Պարբերականը հիշեցնում է, որ Պապը նույն խոսքերն արտասանել էր նաև անցյալ տարի՝ Վատիկանում հայ զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ: Դրանից հետո երկրի արտգործնախարարությունն «առոչինչ» էր համարել Պապի խոսքերը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր նրան:

CNN Turk-ն, անդրադառնալով թեմային, հիշեցրել է, որ բոլորին հետաքրքրում էր, թե արդյոք ևս մեկ անգամ Ֆրանցիսկոս պապը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրույթը: «Այս ցեղասպանությունն անցած հարյուրամյակի ողբերգությունների սկիզբն էր»,-Ֆրանցիսկոս պապի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը՝ արձանագրելով, որ պոնտիֆիկոսը չխուսափեց ևս մեկ անգամ կրկնել անցյալ տարվա իր խոսքերը:

«Հռոմի պապը Հայաստանում մտափոխվեց» վերնագրով Haber 7 կայքը գրել է, որ Ֆրանցիսկոս պապը 1915-ի դեպքերը դարձյալ որպես ցեղասպանություն է ներկայացրել՝ չնայած այցից առաջ հղած ուղերձում «Մեծ եղեռն» էր ասել:

«Պապն այցից առաջ նախապատրաստված ուղերձում «ցեղասպանություն» բառը հանել էր, բայց նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնյաների առաջ ունեցած ելույթում նախ հայերեն «Մեծ եղեռնն» է օգտագործել, ապա ավելացրել է «ցեղասպանություն» բնորոշումը։ Հռոմի պապն անցյալ տարի Վատիկանում կազմակերպված միջոցառման ընթացքում, օգտագործելով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» արտահայտությունը, շարժել էր Թուրքիայի զայրույթը»,-գրում է լրատվամիջոցը:

«Հռոմի պապը Հայաստանում էլ ասաց «ցեղասպանություն»,-գրել է Sozcu պարբերականը՝ նշելով, որ կաթոլիկ առաջնորդ Ֆրանցիսկոսը շեղվել է նախապես պատրաստված ելույթի տեքստից, որում «ցեղասպանություն» բառը բացակայել է:

Sabah թերթը ևս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Պապի ելույթի գրավոր տարբերակում «ցեղասպանություն» բառը չի եղել: Պարբերականը Հռոմի պապի խոսքերը «սկանդալային» է որակել ու հիշեցրել, որ անցյալ տարի Հռոմի պապի ելույթի պատճառով Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել և պաշտոնին վերադարձել էր միայն այս տարվա փետրվարին:

Հունիսի 25-ի առավոտյան Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը: Նա գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---