Կաթողիկոսի ու Պապի հռչակագիրը՝ Ղարաբաղի, ցեղասպանության, խաղաղության ու ավանդական արժեքների մասին26 հունիսի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Հռչակագրում անդրադարձ կա հարցերի լայն շրջանակին՝ ղարաբաղյան հարցից ու Հայոց ցեղասպանությունից մինչև թրաֆիքինգի հետ կապված խնդիրներ և ավանդական ընտանիքը: «Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում», - ասվում է հայտարարությունում: Ցեղասպանության հարցը հիշատակվում է 2015թ, ապրիլի 12-ի պատարագը վերհիշելու համատեքստում՝ «վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև Ի դարի առաջին ցեղասպանություն»: «Մենք ընդունում ենք այն, ինչն արդեն իսկ արվում է, բայց պնդում ենք, որ ավելին պետք է արվի քաղաքական առաջնորդների և միջազգային կառույցների կողմից, որպեսզի ապահովված լինի բոլորի՝ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը, պաշտպանված լինի օրենքի գերակայությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, կանխված լինեն մարդկային թրաֆիքինգը և մաքսանենգությունը», - ընդգծվում է հայտարարությունում: «Հասարակության ստվար հատվածների աշխարհիկացումը, օտարումը հոգևորից ու աստվածայինից, անխուսափելիորեն հանգեցնում են մարդու և մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նյութապաշտական ընկալմանը: Այս առումով մենք մտահոգ ենք շատ երկրներում ընտանեկան կյանքի ճգնաժամով: Հայ և Կաթոլիկ եկեղեցիներն ընտանիքի մասին նույն ընկալումն ունեն, որը հիմնված է ազատ կամքով ու հավատարմությամբ ծնված սիրո արդյունք հանդիսացող տղամարդու և կնոջ ամուսնության վրա», - նշվում է տեքստում: Հռչակագրի ողջ տեքստը՝ ստորև. Հռչակագրում նշված է.«Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Ֆրանցիսկոս պապը, ընծայում ենք մեր մտքերը և սրտերը որպես շնորհակալության տուրք Ամենակարողին` պայքարով քայքայված և սփոփանքի ու հույսի ծարավով լեցուն աշխարհում շարունակելու և մեծացնելու հավատի ու սիրո սերտ կապերը Հայոց եկեղեցու և Կաթոլիկ եկեղեցու միջև՝ փրկության ավետարանական ուղերձի իրենց համընդհանուր վկայությամբ: Մենք փառաբանում ենք ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, ընձեռելու համար մեզ հնարավորությունը մեկտեղվելու բիբլիական Արարատի երկրում, որը կանգուն է որպես վկայություն, որ Աստված է միշտ մեր պաշտպանությունն ու փրկությունը»: Հռչակագրում նշվում է, որ 2001-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Հայաստան այցելեց Սուրբ Հովհաննես-Պողոս Բ Պապը՝ որպես Հայ և Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների պատմության նոր էջի վկայություն: «Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ, 2015թ, ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր հանձնառությունն արտահայտեցինք հակադարձելու բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև Ի դարի առաջին ցեղասպանություն» (Համատեղ հայտարարություն, Գարեգին Բ և Հովհաննես-Պողոս Բ, 27 սեպտեմբերի, 2001 թ.): Ցավոք, մենք վկաներ ենք մեր աչքերի առաջ տեղի ունեցող մի մեծ ողբերգության՝ անթիվ անհամար անմեղ մարդկանց սպանությունների, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ ծագերում էթնիկ, տնտեսական, քաղաքական և կրոնական հիմքերի վրա զարգացող շարունակական բնույթի հակամարտություններով թելադրված տեղահանումների կամ պարտադրված ցավալի ու անորոշ աքսորների: Այդ ամենի արդյունքում կրոնական և էթնիկ փոքրամասնությունները դարձել են հալածանքների և դաժան վերաբերմունքի թիրախ, այն առումով, որ սեփական կրոնական համոզմունքի համար տառապելը դարձել է ամենօրյա իրականություն: Մենք հորդորում ենք ազգերի առաջնորդներին՝ ունկնդրելու միլիոնավոր մարդկային արարածների կոչին, ովքեր խաղաղություն և արդարություն են տենչում աշխարհում, ովքեր հարգանք են պահանջում իրենց աստվածատուր իրավունքների նկատմամբ, ովքեր անհապաղ կարիք ունեն հացի, այլ ոչ թե զենքերի: Ցավոք, մենք ականատես ենք կրոնի և կրոնական արժեքների արմատական դրսևորումների, որոնք կիրառվում են՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար: Նմանատիպ հանցանքների՝ կրոնական գաղափարներով արդարացումն անընդունելի է, քանի որ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ խաղաղության» (Ա Կոր. 14:33): Ավելին, կրոնական տարբերությունների հանդեպ հարգանքն անհրաժեշտ պայման է էթնիկ ու կրոնական տարբեր համայնքների խաղաղ համակեցության համար: Եվ հենց քրիստոնյա լինելով է, որ մենք կոչված ենք խաղաղության ու հաշտության ուղիներ փնտրելու և իրագործելու: Այս իմաստով մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում»: Նշվում է, որ այն ամենը Հիսուսը սովորեցրեց Իր աշակերտներին, երբ Նա ասաց. «Ես սոված էի, և դուք ինձ հաց տվեցիք, ես ծարավ էի և դուք ինձ խմելու մի բան տվեցիք, ես օտարական էի, և դուք ինձ ընդունեցիք, ես մերկ էի, և դուք ինձ հագցրեցիք, ես հիվանդ էի, դուք ինձ այցելեցիք, ես բանտում էի, և դուք եկաք ինձ տեսության» (Մատթ. 25:35-36): «Հասարակության ստվար հատվածների աշխարհիկացումը, օտարումը հոգևորից ու աստվածայինից, անխուսափելիորեն հանգեցնում են մարդու և մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նյութապաշտական ընկալմանը: Այս առումով մենք մտահոգ ենք շատ երկրներում ընտանեկան կյանքի ճգնաժամով: Հայ և Կաթոլիկ եկեղեցիներն ընտանիքի մասին նույն ընկալումն ունեն, որը հիմնված է ազատ կամքով ու հավատարմությամբ ծնված սիրո արդյունք հանդիսացող տղամարդու և կնոջ ամուսնության վրա»: Հռչակագրով հորդորում են հավատացյալներին ներդաշնակ կերպով աշխատելու հասարակության մեջ քրիստոնեական արժեքների զորացման համար, որոնք արդյունավոր կերպով նպաստում են արդարության, խաղաղության և մարդկային համերաշխության քաղաքակրթության կառուցմանը: «Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հավատացյալներին միանալու մեզ աղոթքով, Սուրբ Ներսես Շնորհալու խոսքերով. «Փառավորյալ Տեր, ընդունիր ծառաներիդ աղաչանքները և ի բարին կատարիր մեր խնդրանքները՝ բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի, և Հովհաննես Մկրտչի, և Սուրբ Ստեփանոս Նախավկայի, և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի, և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի և Քո բոլոր երկնային ու երկրային սրբերի: Եվ Քեզ՝ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փառք և երկրպագություն, հավիտյանս հավիտենից, ամեն»»: Կարդացեք նաև՝ Հռոմի պապը հայ և թուրք ժողովուրդներին հաշտություն, Ղարաբաղին՝ խաղաղություն է մաղթել Գարեգին Բ. Մենք թանկ գնով պաշտպանում ենք Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |