30 հունիսի 2016 - 12:31 AMT
Արթիկում խմելու ջրի խողովակ է վնասվել, նմուշառում է կատարվել

Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում վթարվել էր նաև 120մմ տրամագծով խմելու ջրի խողովակը, որը սնում է քաղաքի Անկախության և Բաղրամյան փողոցները` հարակից տարածքներով:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղն անմիջապես կապ է հաստատել Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիս-արևմտյան մասնաճյուղի Արթիկի տեղամասի կոմերցիոն ծառայության պետ Կ.Չախոյանի հետ։ Առաջարկվել է դադարեցնել տվյալ փողոցների ջրամատակարարումը, քննարկվել են վթարի վերացման հնարավորությունները։ Միաժամանակ հանձնարարվել է առաջիկա 2-3 օրերին ապահովել Արթիկի խմելու ջրի անհրաժեշտ քլորացում:

Նույն օրը, ժամը 18.30-19.30-ի սահմաններում ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն Արթիկում, վերցրել են խմելու ջրի վեց նմուշ մնացորդային քլորի որոշման և մանրէաբանական հետազոտությունների նպատակով։ Շեղումներ չեն արձանագրվել:

Հունիսի 25-ին, ժամը 8.00-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանն աշխատանքային խմբի հետ եղել է Արթիկում և Կ.Չախոյանի հետ միասին կատարել է ջրամատակարարման ցանցի ուսումնասիրություն` շարունակելով խմելու ջրի նմուշառման գործընթացը: Նույն օրը, ժամը 10.00-ի դրությամբ քլորակայանից դուրս եկող առաջին կետում մնացորդային քլորի պարունակությունը եղել է նորմալ։ Կատարվել է 10 նմուշառում մնացորդային քլորի որոշման և մանրէաբանական հետազոտությունների նպատակով։ Կրկին շեղումներ չեն արձանագրվել:

Տասական նմուշառումներ են կատարվել նաև հետագա օրերին` հունիսի 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին։ Կրկին շեղումներ չեն հայտնաբերվել։ Իրականացվել են նաև բակային համայցեր և զրույցներ բնակիչների հետ։ Նրանց հորդորվել է գանգատների դեպքում դիմել Արթիկի ԲԿ:

ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն հունիսի 30-ին ևս տեղում աշխատում են։ Նշված փողոցների յոթ տուն ջրամատակարարող կազմակերպության կողմից չեն ապահովվել խմելու ջրով, քանի որ այդ տների հատակը 50-100սմ ծածկված է տիղմով և քարերով։ Բնակիչներն օգտվում են հարակից տների ջրից:

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները: Վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է: Հոսանքամատակարարումը, ջրամանակարարումը և գազամատակարարումը դադարեցվել է: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք:Փրկարարները տարահանել են բնակիչներին ու անասուններին:

Կարդացեք նաև՝ Արթիկում սելավից տուժածներին աջակցելու համար հաշմեհամար է բացվել