ԱՄՆ կողմից Իրաքին հատկացված $2.7 մլրդ վարկի շրջանակում ԱՄՆ-ն մտադիր է $200 մլն տրամադրել Իրաքյան Քրդստանին` որպես աջակցություն «փեշմերգա» ուժերին:
Ըստ Բաղդադում Իրաքի ֆինանսների նախարար Խոշիյար Զեբարիի և ԱՄՆ դեսպան Ստյուարտ Ջոնսի ստորագրած պայմանավորվածության, օգնությունը կհատկացվի Իրաքի կառավարությանը որպես վարկ, մասնավորապես, ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:
Ըստ քուրդ «փեշմերգա» ուժերի մամուլի քարտուղար Ջաբիր Յավարի, ԱՄՆ-ն նախկինում արդեն $415 մլն հատկացրել էր Իրաքյան Քրդստանին և նոր օգնությունը այդ գումարի մեջ չի մտնում: $200 մլն-ն կհատկացվի Իրաքի կառավարությունից որպես Քրդստանի 17-տոկոսանոց մասնաբաժինը, գրում է Rudaw-ը:
Քուրդ «փեշմերգաները» Իրաքյան Քրդստանում պայքարում են ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ռազմական օգնություն ստանալով ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից` քուրդ զինյալների ուժերը կիսառազմական կազմավորումից վերածվել են իսկական բանակի:
2016-ին Իրաքյան Քրդստանը սպառազինության երկու խմբաքանակ է ստացել Գերմանիայից և Ֆրանսիայից: