Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը,որը միաձայն հաստատվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, ողջունելի է: Այս մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:
«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը», - ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին։
Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և այն կստանա օրենքի ուժ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», - նկատել է արտգործնախարարը:
«Հավասարության ու քաղաքացիության» մասին օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր: