27 հուլիսի 2016 - 16:49 AMT
ՊՊԾ գնդում պահվող բժշկի մայր. «Իրենց բռնի ուժով չեն պահում»

«Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Շտապօգնության» հերթապահ բժիշկ Սալվադոր Խեչոյանի մայրը՝ Հասմիկ Խեչոյանը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել որդու հետ:

«Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, որ իրենք իրենց աշխատանքն են կատարում»: Բժշկի մոր խոսքով՝ որդին փոխանցել է, որ իրենց բռնի ուժով չեն պահում, իսկ պարտավոր են մնալ, քանի որ այնտեղ վիրավոր մարդիկ կան, գրում է Armtimes.com-ը:

«Երբ վերջացնեն, հուսով եմ, որ իրենք դուրս կգան»,- ասել է բժշկի մայրը և հավելել, որ այս պահին հեռախոսն անջատված է, և ինքը որդու հետ խոսել է ավելի վաղ:

Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:

Ավելի ուշ, ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» անուղղակիորեն հաստատել են բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը:

«Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ», - գրել է խմբավորումը ֆեյսբուքյան իր էջում:

Դրանից առաջ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին հայտարարել է, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» կողմից բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը սուտ է:

«Ներսում ներկա է գտնվում բժիշկ, ոստիկանությունը հայտարարում է, որ պատանդ են վերցվել, նման բան բացարձակապես չկա: Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին էր, այնպես էլ այժմ, լինի բժշկական բրիգադի հերթափոխ: Պարտադրանքի գործադրմամբ բժշկին ներսում պահելու խնդիր չկա: Նրանք պահանջում են, որ գա փոխարինող բրիգադը, և ներկա պահին այնտեղ գտնվող բժիշկը դուրս գա, բրիգադներն իրար փոխարինեն», - պարզաբանել է Ենիգոմշյանը: