Գլխավոր դատախազը հրաժարական է տվել

Գլխավոր դատախազը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:

«Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքն օգոստոսի 4-ին վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները», - գրել է Մելքոնյանը:

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հուլիսի 28-ին հայտարարել է, որԵրևանում ՊՊԾ գունդը զավթած զինված խմբի անդամները դեռ կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից երկու հիմնական հոդվածով:

ՀՀ պետական գործիչ Գևորգ Կոստանյանը ՀՀ ԱԺ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2013-ի հոկտեմբերի 1-ին:

Իրավաբանական կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ-ին: 2006թ-ին ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

2004թ.-ից մինչ այժմ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2011-2013թ.՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2008-2011թ.՝ Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ: 2006 - 2008թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: 2006թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2003 - 2004թ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2001-2003թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: 1999 - 2001 թ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1995-1999թ՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---