Սիրիական Ջերաբլուսում թուրքական ԶՈՒ-ի կողմից սկսված գործողություններից հետո քրդական YPG-ն (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) առաջին անգամ տարածել է պաշտոնական հայտարարություն, հայտնում է Tert.am-ը «Հյուրիյեթի» վրա հղումով:
YPG-ի խոսնակ Ռեդուր Խելիլը հայտարարել է, որ Թուրքիայի պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ չէ, այլ՝ քրդերի:
Էրդողանն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ:
Խելիլը նշել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: «Ոչ ոք չի կարող մեզ ստիպել հետ քաշվել մեր հողերից», -ասել է նա:
Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: