Օգոստոսի 25-ին առնվազն ևս 10 թուրքական տանկ հատել է սահմանը և մտել Սիրիայի տարածք: Տանկերը կմիանան Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահանը» ռազմական գործողությանը, որն ուղղված է «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի կամավորական ջոկատների մարտիկների դեմ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել էր, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական Ջերաբլուսում թուրքական ԶՈւ կողմից սկսված գործողություններից հետո քրդական YPG-ն (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) առաջին անգամ տարածել է պաշտոնական հայտարարություն: YPG-ի խոսնակ Ռեդուր Խելիլը հայտարարել է, որ Թուրքիայի պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ չէ, այլ՝ քրդերի:
Օգոստոսի 24-ին Թուրքիայի օդուժն արևմտյան կոալիցիայի ՌՕՈւ աջակցությամբ ցամաքային ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում: Գործողությունը համաձայնեցված չէ Դամասկոսի հետ: