Էկոնոմիկայի նախարար. Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման մասին

Էկոնոմիկայի նախարար. Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, հայտնում է Tert.am-ը:

«Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրված չի եղել: Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ: Սա կարևոր է, որովհետև այն հնարավորություն կտա ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման առումով լավ հարաբերություն ստեղծել, թե՛ Իրան-ԵՏՄ, թե՛ նաև այստեղ արտադրված ապրանքների արտահանման առումով տարբեր երկրներ՝ օգտվելով այն առևտրային ռեժիմներից, որ Հայաստանն ունի Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի և այլ երկրների հետ»,-ասել է նախարարը:

Նախարարը հավելել է, որ այժմ Հայաստանի հիմնական խնդիրը օրենսդրական ապահովվածություն ունենալն է. «Դրա համար ներկայումս շրջանառության մեջ է դրված ազատ առևտրի գոտու ստեղծման մի նախագիծ, որը համաձայնությունների փուլում է, և առաջիկայում ավելի կդյուրացվեն թե՛ ուղղությունները, թե՛ նպատակադրումները»:

Իրանի և ԵՏՄ-ի հանձնաժողովի միջև համաձայնության ձեռքբերման վերաբերյալ Արծվիկ Մինասյանն ասել է, որ դա առաջին հերթին պետք է բխի Հայաստանի և Իրանի կողմից նախաձեռնություններով, իսկ Հայաստանի կողմից այս նախաձեռնությունը կա:

Արծվիկ Մինասյանն ասել է, որ գոտու ստեղծման ժամկետը կդժվարանա նշել, սակայն այժմ ցանկություն կա առավելագույն ազատություն հաղորդել, որովհետև այս գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման համար:

Անդրադառնալով այն հարցին,թե Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ` Արծվիկ Մինասյանն ասել է, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանի համար համարվում է տրված, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵՏՄ-ի միջև չի նախատեսվում այս առումով, և դրա կարիքն էլ չկա:

Օգոստոսի 17-ին Հովիկ Աբրահամյանն այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատված, որտեղ առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի: «Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձևավորվեն և կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը, նրա խոսքով, թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---