2 սեպտեմբերի 2016 - 15:00 AMT
«Արսենալի» գլխավոր մարզիչ. Մխիթարյանը նոր երանգ կհաղորդի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր երանգ կհաղորդի «Մանչեսթեր Յունայթեդին»: Այդպիսի կարծիք է հայտնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը` խոսելով թիմի նորեկի մասին:

«Մխիթարյանը միշտ լավ կիսապաշտպան է եղել, իսկ անցյալ տարի նա նաև սկսեց շատ գոլեր խփել: Եթե չեմ սխալվում, նա 10 գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայում (իրականում` 11), ինչն, անշուշտ, էլ ավելի վտանգավոր է դարձնում նրան»,-ասել է Վենգերը, գրում է Sports.ru-ն:

«Հենրիխն ինչ-որ նոր բան կներմուծի «Մանչեսթեր Յունայթեդ»,-ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ընթերցեք նաև. Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով:

Ընթերցեք նաև. Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով