Մերձմոսկովյան Կուբինկա ռազմակայանում մեկնարկել է «Բանակ 2016» ռազմատեխնիկական միջազգային համաժողովը, որին մասնակցում է ռազմատեխնիկական հինգ հայկական ձեռնարկություն, հայտնում է «Sputnik Արմենիան»:
Հայաստանը ներկայացել է հրետանային նշանառության սարքերով, որոնք հարմարեցված են լեռնային պայմանների համար:
Ցուցահարթակներում իրենց ազգային ցուցանմուշներով ՀՀ- ից բացի ներկայացել են նաև Բելառուսը և Ղազախստանը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ասել էր, որ «Բանակ 2016»-ը սպառազինության ժամանակակից նմուշների, ռազմական և հատուկ տեխնիկայի ցուցադրման համար ամենամեծ հարթակն է:
140 հազար քմ տարածքում տեղադրվել են ցուցահանդեսային տաղավարներ և բաց ցուցանմուշներ, պայմաններ են ստեղծվել սպառազինության և ռազմական տեխնիկայի ընթացքային, թռիչքային և կրակային հնարավորությունները ցուցադրելու համար։ Համաժողովին մասնակցում է ավելի քան հազար ռուսական ձեռնարկություն և կազմակերպություն, ինչպես նաև ավելի քան 80 արտասահմանյան պատվիրակություն։ Համաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։