Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել են այսպես կոչված «Նվաճման բանակի» հիմնադիրներից մեկը և «Ջեբհաթ ան Նուսրայի», որը փոխել է անվանումը` դառնալով «Ջեբհաթ Ֆաթահ աշ Շամ», հրամանատարը: Գրոհայինների դիրքերին հարված է հասցրել անհայտ ինքնաթիռը, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Սինհուա» գործակալության վրա հղումով:
Ռազմական աղբյուրների վրա հղումով գործակալությունը նշում է, որ հարվածի թիրախում սիրիացի ապստամբների առաջնորդներն են եղել, որոնք հանդիպման էին հավաքվել Հալեպի գավառում:
Ռմբակոծության հետևանքով մի քանի մարդ է զոհվել, այդ թվում ապստամբների պարագլուխներից երկուսը: Reuters-ն իր աղբյուրների վրա հղումով հայտնել է, որ սպանվել է «Ջեբհաթ Ֆաթահ աշ Շամի» հրամանատար Աբու Օմար Սարաքեբը: Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև կազմակերպության այլ ղեկավարներ:
Հայտնի չէ, թե ում ինքնաթիռն է հասցրել հարվածը: Սիրիայում օդային գործողություններ են իրականցնում ռուսական օդուժի և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները:
Պենտագոնն ու ՌԴ ՊՆ-ն դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:
«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը: