Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում սկսվել են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է արմատապես վերանայել պետական ապարատի առջև դրված խնդիրները, չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետի խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն և տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը, ինչը, սակայն, որևէ կերպ չպետք է անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա և չպետք է իրականացվի աշխատանքի որակի հաշվին:
Հատկանշելով գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների և հաստիքացուցակների օպտիմալացման անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար, դրանք պետք է պետական բյուջեում ամրագրվեն, եթե անհրաժեշտ արդյունավետություն են ապահովում իրենց նպատակների իրագործման տեսանկյունից: Այս առումով վարչապետը կարևոր է համարել նաև նախարարությունների ենթակայության տակ գործող կառույցների գործառույթների իրականացման ու դրանց արդյունքում քաղաքացիների և տնտեսավարողների համար ստեղծվող հավելյալ արժեքի վերաբերյալ տնտեսական հիմնավորումները:
«ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ ըստ ոլորտների առաջարկություններ են ներկայացրել մի քանի նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու այլ պետական գերատեսչությունների ղեկավարները և ներկայացուցիչները:
Կարդացեք նաև. Վարչապետը կառավարության երկու անդամների գործուղում է կասեցրել