21 սեպտեմբերի 2016 - 12:08 AMT
ԻՊ-ն հայտարարել է ՌԴ ԱԴԾ սպայի գերեվարման մասին

Ահաբեկչական «Իսլամական պետությունը» հայտարարել է, թե գերի է վերցրել ՌԴ ԱԴԾ սպայի: Ահաբեկիչների ռուսալեզու լրատվամիջոցը` Furat-ը ոմն մեկի տեսաուղերձն է հրապարակել, որն իրեն անվանում է Եվգենի Պետրենկո: Նա ներկայանում է որպես ՌԴ ԱԴԾ Մոսկվայի 2-րդ օպերատիվ բաժանմունքի արտահաստիքային աշխատակից կապիտանի կոչումով, հայտնում է Meduza-ն:

«Եվգենի Պետրենկոն» չի ասում, թե ինչ հանգամանքներում է ձերբակալվել և որտեղ է գտնվում: Նա միայն պատմել է, որ իրեն ձերբակալել է «Խալիֆաթի անվտանգության ծառայությունը» հերթական առաջադրանքը կատարելիս: Իր ուղերձում նա խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի ժողովրդին և ԱԴԾ-ին «անել ամեն հնարավորը» իրեն ազատելու համար:

Նա ասել է, թե գրանցված է Մոսկովյան շրջանի Ցարիցինո քաղաքում, մինչդեռ այդպիսի քաղաք գոյություն չունի: ՌԴ ԱԴԾ-ն դեռ չի մեկնաբանում տեղեկությունը:

Ավելի վաղ հրապարակված ՄԱԿ զեկույցում ասվում էր, որ ԻՊ-ն, հավանաբար, ստրուկի կարգավիճակում է պահում մոտ 3500 մարդու, հիմնականում `կանանց և երեխաների: Նրանք հիմնականում եզդիներ են, կան նաև այլ ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: