Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտն» առաջադրվել է «Օսկարի» Ռուսաստանի կողմից, հայտնում է «Ռոսիա-1» հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:
«Կոնչալովսկու «Դրախտը» ֆիլմը, որն արժանացել է Վենետիկի «Արծաթե առյուծ» մրցանակին, ներկայացվել է «Օսկարի»: Ֆիլմը նկարահանվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի աջակցությամբ:
ՌԴ կինոթատրոններում ֆիլմն էկրան կբարձրանա 2017-ի փետրվարին, սակայն Մոսկվայի «Պիոներ» կինոթատրոնում սեպտեմբերի 22-28-ը տեղի կունենան նախնական ցուցադրություններ, գրում է «Վեդմոստին»:
Գլխավոր դերը «Դրախտում» կատարել է Կոնչալովսկու կինը` Յուլիա Վիսոցկայան, որին ռեժիսորը շնորհակալություն է հայտնել Վենետիկի մրցանակաբաշխության ժամանակ: «Այս ֆիլմը նվիրված է մայր Ռուսաստանին և այն կանանց, որոնք օգնել են հրեա երեխաներին Երկրորդ համաշխարհայինի տարիներին»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանից «Օսկարի» է ներկայացվել Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը»: Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը:
Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար:
Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017թ. փետրվարի 26-ին: