12 մայիսի 2007 - 17:04 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված է, որ բանակցային գործընթացն արագանա
Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 12-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը վերջերս է ժամանել Ստրասբուրգից, որտեղ հանդիպել է միջազգային միջնորդների հետ: Օսկանյանը նշել է, որ դեռեւս ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն այցի ժամկետների մասին չկա, սակայն բուն ցանկությունը համաձայնեցված է: «Ես նկատել եմ, որ համանախագահները շահագրգռված են, որ բանակցային գործընթացն արագանա»,-նշել է նախարարը: Վ.Օսկանյանը տեղեկացրել է, որ համանախագահների հետ հանդիպումը Ստրասբուրգում նորմալ է անցել, որի ընթացքում քննարկվել է բանակցային գործընթացի մասնակիցների հետագա գործողությունները: Ըստ նախարարի, համանախագահները ակնկալում են, որ խորհրդարանական ընտրություներից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեմպերը կարագանան: «Նրանք մտադիր են այցելել տարածաշրջան, քննարկելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցերը, չի բացառվում, որ մինչ այդ առանձին կհանդիպեն արտգործնախարարները»,-նշել է նախարարը: Վ.Օսկանյանը տեղեկացրել է նաեւ, որ Ստրասբուրգում հանդիպման ժամանակ քննարկվել է կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը: «Համանախագահները տվել են նոր ձեւակերպումներ այն հարցերին, որոնց շուրջ դեռեւս պայմանավորվածություն չկա»,-տեղեկացրել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում նախօրեին կայացել է Վ.Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել է բանակցությունների շրջանակներում հանդիպումների ժամանակացույցը:

Այդ ժամանակացույցի համաձայն խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան, իսկ այնուհետեւ տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Այնուհետեւ չի բացառվում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը համանախագահների հետ, որի նպատակն է նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսի 10-ին Սանքտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը: