13 մայիսի 2007 - 02:01 AMT
Ընդդիմադիր կուսակցությունները ՀՀ իշխանություններին մեղադրել են «ընտրակեղծիքների բոլոր միջոցների» օգտագործման համար
Ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքը, «Նոր ժամանակներ» ու «Հանրապետություն» կուսակցություններն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իշխանական կուսակցություններին մեղադրել են խորհրդարանական ընտրություններում «ընտրակեղծիքների հայտնի բոլոր միջոցներն ու եղանակների» օգտագործման համար: «Քվեարկության ամբողջ ընթացքում ընտրակեղծիքների մասին տեղեկությունների տեղատարափ էր հանրապետության ողջ տարածքից, ոչ միայն վստահված անձերի ու դիտորդների հաղորդած օպերատիվ տեղեկատվությամբ, այլ նաեւ զանազան ռադիո եւ հեռուստալիքներով: Ամբողջ ծավալով աշխատեցվել են ընտրակեղծիքների հայտնի բոլոր միջոցներն ու եղանակները` լցոնումներ, ընտրակաշառքների բաժանում եւ այլն` իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի», ՄԱԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից», - ասվում է հայտարարության մեջ:

«Իմպիչմենտը», «Նոր ժամանակները» եւ «Հանրապետությունը» հայտարարել են, որ «Երեւանի եւ մյուս բնակավայրերի համարյա ողջ հասարակական տրանսպորտը դուրս է բերվել երթուղիներից եւ օգտագործվել ընտրողներ բերելու, ինչպես նաեւ ուրիշների փոխարեն քվեարկող շրջիկ խմբերը տարբեր ընտրատարածքներ տեղափոխելու համար»:

«Շատ ընտրատարածքներում եղել են թեկնածուների վստահված անձանց, լրագրողների նկատմամբ սպառնալիքների, բռնությունների, ծեծկռտուքի դեպքեր, ընդ որում, այսօրինակ դեպքերը հաճախ եղել են հենց իշխող կուսակցությունների` ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» եւ Դաշնակցությունը ներկայացնող անձանց եւ խմբերի միջեւ»,- ասվում է հայտարարության մեջ:

«Կարելի է չկասկածել, որ առաջիկա ժամերին կարվեն նաեւ արդյունքների ամփոփման փուլի հետ կապված կեղծիքների եւ ապօրինությունների եզրափակիչ քայլերը: Սակայն առանց դրա էլ, արդեն իսկ անսակարկելի է, որ այս ամենը էական ազդեցությյուն են ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա», - ասվում է «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ» ու «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Մեդիամաքսը: