Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և նրան ուղեկցող անձանց:
Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի հետևողական քաղաքական գործունեությունը, ինչպես նաև վերջին շրջանում ակտիվ աշխատանքները՝ մշակույթի և հումանիտար ոլորտներում:
Իր հերթին Ֆրանսուա Ռոշբլուանը նույնպես ընդգծել է մշակութային կապերի, Արցախում ֆրանսերեն լեզվի և ֆրանսախոսության զարգացման կարևորությունը, որը լուրջ խթան է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ: «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահը հետաքրքրվել է շփման գծում տիրող իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացով:
Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների մասնակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ոլորտների և բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպումից հետո կառավարության ղեկավարը, Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է Մարտունու մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամանակ հյուրերին են ներկայացվել ֆրանսահայ և ռուսաստանահայ բարերարների համատեղ ուժերով կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ շրջկենտրոնի մոտ 150 մանուկ արդեն հաճախում են բարեկարգ մանկապարտեզ: