Բագրատյանն առաջարկում է Հայ Առաքելական եկեղեցին բերել հարկային դաշտ

Բագրատյանն առաջարկում է Հայ Առաքելական եկեղեցին բերել հարկային դաշտ

PanARMENIAN.Net - Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է վճարի. հարցը սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը բարձրաձայնել է նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին խնդրել է բացատրություն ներկայացնել:

«Բացատրեք ինձ, ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է տա, աշխարհը փոխվել է այդ հարկի պատճառով, երբ 1536-ին Հենրի 8-րդն անջատվեց Կաթոլիկ եկեղեցուց, շնորհիվ Նապոլեոնի՝ 19-րդ դարի սկզբներին, այդ նույն բաները փոխ առավ Կաթոլիկից»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Ըստ նրա, պատմական տարբեր գնահատականներ կան, բայց Հայ Առաքելական եկեղեցու հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք կորցրել՝ 428թ.-ին, 1045թ.-ին:

Վախթանգ Միրումյանը նշել է, որ եթե պնդում է՝ ևս մեկ անգամ կարող են հարկման հարցը վերանայել: «Ուղղակի երկու նկատառումներից ելնելով չենք նախատեսել, խնդիրներից մեկը կապված է շինությունների կադաստրային արժեքների գնահատման հետ»,- ասել է Միրումյանը և նշել, որ նաև որոշակի բեռ կլինի կրոնական կազմակերպությունների համար, որոնց ֆինանսական միջոցներն առկա չեն:

Բագրատյանն արձագանքել է՝ խոսքը նրա մասին է, որ անընդհատ եկեղեցի ենք կառուցում:

«Մենք 6600 եկեղեցի ունենք կառուցած, իսկ բնակչության 1000 շնչին ընկնող եկեղեցիների թվով երկրորդն ենք քրիստոնյա աշխարհում՝ հույներից հետո, ռուսները, որ 14 անգամ ավելի են՝ 27 հազար է: Հունական Սանտորինի քաղաքում ամեն տուն մի եկեղեցի ունի, չենք հասել իրենց, բայց ուզում ենք ձգտել, իմաստը ո՞րն է»,- ասել է պատգամավորը:

Տեղից արձագանքել է նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Որպես հունական և հայկական արմատներ ունեցող մարդ, շատ ուրախ ու հպարտ եմ, որ առաջին երկու տեղերը կիսում են հույներն ու հայերը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---