Վարչապետը՝ գործարարներին. «Եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»![]() 28 սեպտեմբերի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) անդամներին: Վարչապետը նշել է, որ ակնկալում է գործարարներից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները և միաժամանակ առաջարկել է ներկայացնել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն գործարար միջավայրի համար: ՀԱԳՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրել է միության անդամ գործարարների հետ քննարկման արդյունքում բարձրացված մի շարք հարցեր՝ ուղղված բիզնես միջավայրի և տնտեսական ներկայիս իրավիճակի դրական տեղաշարժերին: Այս առումով Ղազարյանը ողջունել է կառավարության՝ կառուցվածքային փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը՝ մասնավորապես, կարևորելով Էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչն ավելի նպատակային ու հասցեական կդարձնի այդ գերատեսչության աշխատանքը: Արձագանքելով Կարապետյանը նշել է, որ նախարարությունը լինելու է կամուրջ կառավարության ու գործարարների միջև և աջակցելու է բոլոր հարցերում. «Մենք հետևյալ խնդիրն ենք դրել՝ փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը: Մենք ամեն ինչով աշխատելու ենք ցույց տալ, որ ձեր գործընկերն ենք: Մենք պատրաստ ենք կանոնավոր կերպով արձագանքել բոլոր բարձրացված խնդիրներին և անելու ենք ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի առավելագույնս թափանցիկ»: Վարչապետի խոսքով՝ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու. «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»: Կառավարության ղեկավարը, խոսելով բիզնես միջավայրի բարելավման նպատակով նախատեսվող միջոցառումներից, տեղեկացրել է, որ, օրինակ, դիտարկվում է որոշակի հարկային և էներգակիրների մատակարարման մասով արտոնություններ տրամադրելու հնարավորությունը՝ բոլոր այն նոր արտադրություններին, որոնք Հայաստանում չկան: Այդ պայմանները մրցակցության առումով որևէ խնդիր չեն ստեղծի մյուսների համար և կնպաստեն երկրում ներդրումների աճին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մակրոտնտեսական զարգացման ռազմավարությանը, հավասար մրցակցային դաշտի ձևավորմանը, Հարկային օրենսգրքի նախագծին և հարակից այլ հարցեր: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և գործարար համայնքի հետ շարունակական համագործակցությունը՝ առաջարկելով արագ արձագանքել կառավարության նախաձեռնություններին և կոնկրետ առաջարկություններ ներկայացնել: Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ 5 նախարարության աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին՝ հանձնարարելով վերանայել օրենսդրական դաշտը, կառավարումը, հիմնադրամներ ներգրավել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |