ԵՄ նախագահություն. Հայաստանի Խորհրդարանական ընտրությունները ազատ եւ արդար են անցել

PanARMENIAN.Net - Եվրամիության նախագահությունը գոհունակությամբ ի գիտություն է ընդունում, որ մայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են արդար եւ ազատ, եւ ընտրությունների ընթացքը մեծամասամբ համապատասխանել է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Ինչպես ասվում է Գերմանիայի դեսպանատնից PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեջ, ԵՄ նախագահությունը ողջունում է այն փաստը, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ զգալի առաջընթաց է գրանցվել:



«Նախագահությունը ողջունում է, որ խորհրդարանական ընտրություններին մեծ ուշադրությամբ եւ մասնագիտորեն հետեւել են ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության մի մեծ խումբ, ինչպես նաեւ ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովների պատվիրակություններ: Նախագահությունն ի գիտություն է ընդունել նշյալ միջազգային դիտորդական առաքելությունների մայիսի 13-ին հրապարակած նախնական միասնական գնահատականը: 2008թ. սկզբին կայանալիք նախագահական ընտրությունների առնչությամբ նախագահությունը Հայաստանից պահանջում է ստուգել եւ վերացնել հատկապես ձայների հաշվառման ժամանակ ծագող ընթացակարգային դեռեւս առկա խնդիրները, ինչպես նաեւ անճշտությունների առանձին նկատված դեպքեր:



Եվրամիության նախագահությունը շարունակում է հաստատակամորեն նպաստել Հայաստանի հետ համագործակցության խորացմանը: Այդ ճանապարհին կարեւոր է շունչ հաղորդել Եվրոպական հարեւանային քաղաքականությանը եւ նրա շրջանակում ստորագրված գործողությունների ծրագրին»,- ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---