Լուսանկարների բջջային խմբագիր PicsArt-ն ընդլայնվում է` ընկերությունը մտադիր է գրասենյակ բացել Մեծ Բրիտանիայում: Բացի այդ, սկսնակ ընկերությունը կներկայացնի PicsArt-ի նոր տարբերակը, որը հիմնված կլինի արհեստական ինտելեկտի կիրառման վրա, հայտնում է TechEye-ը:
«Ընկերությունը բարգավաճում է: Մենք խոշորագույններից մեկն ենք սոցիալական խմբագրման հարթակում: Մեր ամենամեծ մրցակիցը Instagram-ն է»,-ասել է ստարտափի գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը:
«Մենք կստեղծենք PicsArt-ի նոր տարբերակ, որը արհեստական ինտելեկտ կօգտագործի: Դա շատ պրակտիկ է»,-ասել է Ավոյանը, որը լավատեղյակ է արհեստական ինտելեկտի հնարավորություններին:
Նա որոշակի դժգոհություն է հայտնել կառավարության կողմից ՏՏ ոլորտին չաջակցելու կապակցությամբ: «Մենք կցանկանայինք, որ ավելի մեծ ներդրումներ արվեին համալսարաններում»,-ասել է նա` հավելելով, որ ընկերությունը դիտարկում է Մեծ Բրիտանիայում գրասենյակ բացելու հնարավորությունը:
PicsArt-ը մեծ տարածում ստացած լայն հնարավորություններով գրաֆիկական խմբագիր է, որը հայկական թիմը մշակել է 2011-ին: Աշխարհում ավելի քան 250 միլիոն օգտատեր է օգտվում անվճար հավելվածից: Այն ունի պատկերների խմբագրման լայն հնարավորություններ և հարյուրավոր գործիքների ու էֆեկտների միջոցով ֆոտոմոնտաժի հնարավորություն, որոնք կարելի է գտնել միայն մասնագիտացված ծրագրերում: Հեղինակները ներկայացնում են իրենց պրոդուկտը որպես «լուսանկարների համար նախատեսված YouTube»:
Forbes-ի գնահատականով, ընկերությունը 2015-ի դեկտեմբերի դրությամբ արժեր $250 մլն: