Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին, խոսել որոշման մասին![]() 4 հոկտեմբերի 2016 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս: Այդ համատեքստում Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում: «Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաև պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբևէ ծառայել են մեր զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս և նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ» - շեշտել է նախագահը: Նրա խոսքով՝ համոզված է, որ Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը և վստահ է, որ նա ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի և պատասխանատվությունը կրի պատվով: «Իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնում երկարատև և տքնաջան աշխատանքի համար»,-հավելել է Սարգսյանը և վստահեցրել, որ իր մասնակցությունը, հետաքրքրությունը չի պակասելու պաշտպանության նախարարության և ամբողջ զինված ուժերի հանդեպ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի հնարավորությունների մեծացմանը զուգահեռ ավելանալու են նաև պաշտպանության նախարարության հնարավորությունները: Նախագահը վստահություն է հայտնել, որ Օհանյանը առաջիկայում կվերադառնա հայրենիքին ծառայության և իր օգտակար ու կարևոր ներդրումը կունենա երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: Պաշտպանունակությունը, նախագահի խոսքով, միայն պաշտպանության նախարարությունը չէ: Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ևս շատ մեծ պատասխանատվության զգացումով է կատարելու իր պարտականությունները և հաջողություններ է մաղթել նրան: Պաշտպանության նախկին նախարար Օհանյանը շնորհավորել է նախարար Սարգսյանին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ նշանակումների կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Օհանյանը խոսել է իր պաշտոնավարման ընթացքում նախարարությունում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների, ինչպես նաև առաջիկա անելիքների ու գերակա խնդիրների մասին: Նախկին նախարարը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին և նախարարության ամբողջ աշխատակազմին համատեղ ծառայության համար: Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ներկայացնելուց հետո, ըստ նախարարությունում ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը. պաշտպանության նախկին նախարարը և գլխավոր շտաբի նախկին պետը նախարարին և գլխավոր շտաբի պետին են հանձնել նախարարության խորհրդանիշներն ու շտանդարտը: Նորանշանակ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար, ընդգծելով, որ իր համար՝ որպես Հանրապետության նախագահի քաղաքական թիմակցի, մեծ պատիվ և պատասխանատվություն է պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելը և վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը այդ վստահությունն արդարացնելու համար: Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ վերջնականապես ձևավորել ՀՀ նոր կառավարությունը: ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի փոխարեն: Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում 2011-ից: 1995-1998-ը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական, ապա խորհրդական։ 2000- 2003-ը ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ է եղել։ 2003-2009-ը ՀՀ նախագահի օգնական։ 2009-2011-ը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |