8 հոկտեմբերի 2016 - 14:11 AMT
«ԳՕՍՏ-արտադրված է Երևանում». Երևանի պատմության թանգարանում նոր ցուցահանդես է բացվել

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում կազմակերպվող ավանդական միջոցառումների շրջանակում Երևանի պատմության թանգարանում բացվել է «ԳՕՍՏ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այնտեղ ներկայացված են խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերական արտադրանքների նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից:

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի փոխանցմամբ՝ «ԳՕՍՏ-արտադրված է Երևանում» ցուցահանդեսը նվիրված է Երևանի 2798 և թանգարանի 85-ամյա հոբելյաններին:

«Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար եղան տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան: Կառուցվեցին արդյունաբերական մանր ու խոշոր բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը»,-ասել է Արմինե Սարգսյանը:

Նա հիշեցրե, է, որ արտահանման մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը:

Ցուցահանդեսի այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և կոնյակի գործարանի (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքի շուրջ 600 նմուշ:

«ԳՕՍՏ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ` երկուշաբթիից- շաբաթ, ժամը 11-17:30:

Երևանը հոկտեմբերի 8-ին նշում է իր հիմնադրման 2798–րդ տարեդարձը։ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է՝ «Երևան, արևի քաղաք»։