14 հոկտեմբերի 2016 - 11:52 AMT
Սոցիալական տարբեր խմբերի մոտ 100 երեխա այցելել է Էրեբունի պատմահնագիտական թանգարան

«Էրեբունի-Երևան 2798» միջոցառումների շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի և Հանրապետական հ. 1 հատուկ կրթահամալիրի սաներն այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, շրջել ցուցասրահներով և ծանոթացել մոտ 3-հազարամյա մայրաքաղաքի պատմությանը: Ծրագրում ընդգրկվել է ավելի քան 100 երեխա:

«Սոցիալական ոչ մի խումբ, հատկապես երեխաները, անմասն չեն մնում քաղաքային մշակութային ծրագրերից։ Այդ նպատակով մենք պարբերաբար հանդես ենք գալիս նախաձեռնություններով, որոնք կհետաքրքրեն և միաժամանակ ուսուցողական ու դաստիարակչական կլինեն երեխաների համար»,-նշել է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Երևանում արդեն երրորդ տարին անընդմեջ, մայրաքաղաքի տոնի կապակցությամբ սոցիալական ծրագիր է իրականացվում.«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ 2798 ընտանիք քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական անհրաժեշտ սարքավորումներ՝ այդ թվում սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ և այլ տեխնիկա: